Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի կուսակցական ցուցակը կգլխավորի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ի մամուլի ասուլիսում հայտնել է  «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:

Ցուցակում երկրորդ տեղը կզբաղեցնի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, երրորդը՝ գրող Սոֆյա Արթենյանը: Ամբողջական ցուցակը կներկայացվի ավելի ուշ: «Կուսակցությունն ակտիվ մասնակցություն կցուցաբերի Երեւանի ավագանու ընտրություններին»,- վստահեցրել է Մարգարյանը:

«Մենք կանենք ամեն ինչ Ավագանու խորհրդի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար», - խոստացել է իշխող կոալիցիայի անդամ կուսակցության ներկայացուցիչը: Ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված դեռ մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում եղած, իսկ հետո «Օրինաց երկրի» շարքերը համալրած Շահինյանի նկատմամբ այդ վստահությունը, Մարգարյանը հայտնել է, որ այդ ժամանակահատվածում Շահինյանը հասցրել է բավական բան անել, եւ նա տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու մեծ փորձ ունի: «Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, երբ մարդը, ուսումնասիրելով քաղաքական դաշտը, իր համար կուսակցություն է ընտրում»: Իսկ ի պատասխան այն հարցին, թե որքանով է  իրատեսական «Օրինաց երկրի» հաղթանակը, Մարգարյանն ասել է, որ թեեւ դժվար կլինի ստանալ Երեւանի բնակիչների ձայների 40%-ը, այնուամենայնիվ, կուսացությունում «իրատեսներ են» եւ «Աստծուն են ապավինում»:

Անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքին` «ՕԵԿ»-ական պատգամավորը նշել է, որ գործող քաղաքապետը հոգատար եւ աշխույժ ղեկավար է, սակայն նրա աշխատանքը կարելի է միայն բավարար գնահատել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am