Հայաստանի ֆինանսական շուկայում անցյալ շաբաթ դոլարի նկատմամբ անսպասելի բարձր պանանջարկ է ձեւավորվել, ինչը նպաստել է  դոլարի ամրապնդմանը: Այսպես՝ փետրվարի 25-մարտի 1 ժամանակահատվածում ներբանկային շուկայում բանկերը գնել են 120 մլն դոլար եւ վաճառել 125 մլն դոլար: Սա էապես գերազանցում է նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների ծավալը:

Կտրուկ աճել է նաեւ բորսայում իրականացված գործարքների ծավալը: Անցյալ շաբաթ բորսայում վաճառվել է 12.7 մլն դոլար՝ 3 անգամ ավելի, քան դրան նախորդող շաբաթում:

Դոլարի նկատմամբ բարձր պահանջարկի պատճառով ֆոնդային բորսայում դոլարը թանկացել է մոտ 2 դրամով՝ 2013 թ. առաջին անգամ գերազանցելով 410 դրամի նշագիծը: Իսկ կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը հասել է մինչեւ 410 դրամ, վաճառքինը՝ 412 դրամ:

Չի բացառվում, որ մարտի 8-ին եւ դրա նախօրեին դրամը որոշ չափով վերականգնի դիրքերը, քանի որ նվերների գնման նպատակով քաղաքացիները լրացուցիչ դոլար են հանում շուկա: