ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն օգնեց, որպեսզի Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահները Սերժ Սարգսյանին շնորհավորելու հիմքեր ունենան:  Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եւ միջանկյալ զեկույցներին՝ նա նշեց, որ միջանկյալ զեկույցում կասկածի տակ է դրվում իշխանության թեկնածուի ստացած քվեները մի քանի 100 տեղամասերում, դիտորդները մտահոգություն են հայտնել բարձր մասնակցության ցուցանիշների եւ Սերժ Սարգսյանի քվեների կապակցությամբ: «Կարող ենք դժգոհություն ունենալ, որ նախնական զեկույցում ընտրությունները գնահատվում են լավ, իսկ միջանկյալ եւ ամփոփիչ զեկույցներում քննադատվում է, արդարությունը վերականգնվում է: Այդ ընթացքում օտարերկրյա պետությունների ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղում:  Միջազգային կառույցները սկզբնական շրջանում օգնում են նրանց, որ շնորհավորական ուղերձներ ուղարկեն, իսկ հետագայում որպեսզի փրկեն իրենց դեմքը, միջանկյալ եւ ամփոփիչ զեկույցներով փորձում են վերականգնել արդարությունը»,- նշեց  նա՝ հավելելով, որ այս անգամ Հայաստանի ժողովուրդը մեծ իմունիտետ ունի զեկույցների, շնորհավորական ուղերձերի նկատմամբ, շատ չի տխրում, շատ չի ոգեւորվում:

Ասուլիսի մյուս բանախոսը՝  ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ  երեւի չմտածենք միջազգային կառույցների դեմքը փրկելու մասին, դրանք ունեն այնքան հեղինակություն եւ վարկանիշ, որ հաշիվ տան, թե ինչ են անում, ինչ բառեր են օգտագործում այս կամ այն հայտարարությունները տարածելիս:  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նշած 149 տեղամասերի մեծ մասին նա ուշադրություն է դարձրել, դրանք այն տեղամասերն են, որտեղ առավելագույնը մինչեւ 300 ընտրողներ են: Նրա խոսքով՝ ոչ տրամաբանական կլիներ, որ այդ փոքր ընտրական տեղամասերում ձայների հարաբերակցությունը լիներ այդչափ էլաստիկ, որքան մյուսներում: Արտակ Դավթյանը նշեց, որ դրանք երեւի այն համայնքներն են, որտեղ «Ժառանգությունը» չի այցելել, իսկ այդտեղ ամենօրյա շփումներ կան, հազար ու մի կապերով կապված են իրար հետ, եւ բնական է, որ այդ համայնքը նույնատիպ վերաբերմունք է արտահայտում թեկնածուի հանդեպ: Նա մտահոգված չէ ԵԱՀԿ միջանկյալ զեկույցում հնչած գնահատակնների պատճառով, եւ եթե գումարեն այդ տեղամասերի ձայները եւ դա հաշվեն՝ հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, միեւնույն է պատկերը չէր փոխվելու:

Իսկ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ դա Դավիթ Հարությունյանի սլայդներով է այդպես, մինչդեռ մաթեմատիկական հաշվակների արդյունքում եթե այդ տեղամասերում արդյունքները անվավեր ճանաչվեն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթող է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am