«Ժառանգությունն» ունի բավարար փաստարկներ՝ Սահմանադրական դատարան դիմելու համար, եւ հիմքերն այնպիսին են ընտրված, որ վկայում են խախտումների մասին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ այդ խախտումները չեն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նա արձագանքեց, որ վստահության խնդիր է: Իսկ ՍԴ դիմում են, որովհետեւ վերջնական ատյան է, որ հետո չասեն, թե ինչի չեն դիմել, բայց հույսեր չեն կապում ՍԴ-ի հետ:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչո՞ւ են տեղամասերում «Ժառանգության» ներկայացուցիչները ստորագրել աձանագրությունների տակ, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ դեպքերը շատ տարբեր են, գուցե ուշադրություն չեն դարձրել, առկա է նաեւ սպառնալիքի, վախի գործոնը, կաշառելու փորձերը եւ այլն:
«Դեպքերը շատ տարբեր են, կամ եկել են շրջապատել թաղային հեղինակությունները, սպառնում են, վախն է: Մարդիկ են, որոնք անգամ մինչեւ այս պահը վստահելի են եղել, ինչ-ինչ պատճառներով կարող են չդիմանալ գայթակղությանը եւ վերցնել առաջարկվող հինգ կամ տաս հազար դոլարը»,- ասաց նա:
Օրինակ՝ Ստեփան Սաֆարյանի ծանոթին առաջարկել են 5000 դոլար կաշառք, որ տվյալ տեղամասի արդյունքները փոխվեն՝ հօգուտ Սերժ Սարգսյանի, սակայն նա չէր համաձայնել:




























