Արարատ քաղաքի մոտ գտնվող տրավերտինի հանքավայրը կընդլայնվի՝ առաջիկայում կբացվի «Քարքարոտ» անունը կրող տեղամասը: «Էյ Թի Էմ Սի» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել հանքավայրի շահագործման փորձագիտական եզրակացությունը:
Նշվել է, որ «Քարքարոտ» տեղամասում գյուղատնտեսական հողահանդակներ չկան, բնապահպանական որեւէ լուրջ հետեւանք չի առաջանա, թեեւ նախատեսվում է հանքը շահագործել բաց եղանակով: Հանքավայրը Արարատ քաղաքից հեռու է 3,5 կմ, գտնվում է Գոռավան գյուղի մոտ:
Տրավերտինից ստանում են շինարարական սալեր ու սալիկներ, իսկ թափոններն օգտագործվում են ցեմենտի արտադրության համար: Հայկական տրավերտինը վերջին շրջանում սկսել է հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին՝ այն օգտագործվելու է Աֆղանստանում «Մարրիոթ» հյուրանոցի կառուցման նպատակով: Որոշակի հետաքրքրություն կա նաեւ ռուսական շուկայում:



























