Ընտրություններում ցնցումները Հայաստանի համար բնականոն են: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ին, «Ռուս-հայկական երկխոսություն. Քաղաքական եւ հումանիտար ձեւաչափեր» Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

 «Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն հռչակել է Հայաստանի «նախագահ», իսկ զանգվածային ընտրախախտումները 1995թ.-ից ի վեր նույնպես բնական են», – նշել է Իսկանդարյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ  քվեարկության պաշտոնական արդյունքները չճանաչող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրել է ձայները:  Սակայն նա ստացել է ոչ միայն իր ձայները, այլեւ այն քաղաքական ուժերի, որոնք չէին մասնակցել ընտրական գործընթացին:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է ձայների 37%-ը: Այսօր նրա թիմն ընտրություններն անվավեր ճանաչելու հայտ կներկայացնի Սահմանադրական դատարան:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am