Այլեւս իրողություն է, որ 58 եւ ավելի ձայներով նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, իսկ հետընտրական հանրահավաքները պետք է հանդարտեցման գործընթացով գնա եւ այդպես էլ, կարծես, գնում է: Այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Նրա խոսքով` դրա մասին է վկայում հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը: Վարժապետյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին եւ ընդդիմությանը կոչ արեց` անհանդուժողականությամբ երկրի առաջընթացը չկասեցնել:

Ջավախքցի պատգամավորի համար անընդունելի է նաեւ դասադուլների կազմակերպումը: «Այստեղ կարծես թե շահարկվել է մի բան. փորձել են ջավախքցիներին ներքաշել մի ոչ ճիշտ գործընթացի մեջ եւ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Շահարկել են այն իրողությունը, որ ջավախքցին իր բնույթով տաքարյուն է եւ նամուսի ու թասիբի զգացողությունը բարձր նիշ ունի իրենց մոտ, բայց պետք է մի իրողություն հաշվի առնել, որ ջավախքցին մոտ 300 կմ կտրել եկել  է քաղաքամայր Երեւան, որ կրթություն ստանա եւ նա պարտավոր է հետամուտ լինել քաղաքական գործընթացներին»,- ասաց Տաճատ Վարդապետյանը, հավելելով, որ ինքը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի օգնականին, ով խոստովանել է, որ նկատի չի ունեցել ջավախքցիներին: «Ինչեւէ, կարծես թե կրքերը հանգստացել է եւ այդ առթիվ իմ մեկնաբանությունն այսքանն է»,- ասաց Տաճատ Վարդապետյանը եւ ավելացրեց, որ ինքը, չի կարծում, որ ՀՀԿ-ն տարաջնատում է երիտասարդներին ըստ բնակության վայրի:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոանական մասնաշենքի մոտ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել: ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը դասադուլավորների՝ «Մենք ձեզ սիրում ենք» կոչին պատասխանել է. «Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին»: Նա նաեւ նշել է, թե «Զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին բեր առաջ»: Դրանից բացի երիտասարդներից մեկը, դիմելով դասադուլավորներին, բղավել է «սիկտիր»: Համալսարանի ղեկավարությունը ոչ պատժել, ոչ էլ նկատողություն է արել ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին, ինչը երիտասարդների վրդովմունքն է առաջացրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am