Տավուշի Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզում 20-ամյա երիտասարդի հետ իր կամքով սեռական հարաբերություն ունեցած 14-ամյա Գ.Հ-ի հայրը նրան եւ կնոջը դուրս չի հանել տնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն Շուշանիկ Գալստյան, ով ներկայումս թիվ 3 մանկապարտեզի տնօրենն է: Նրա խոսքով` նրանք բարեբախտաբար միասին են ապրում:
«Շատ ուրախ եմ, որ ընտանիքը միասին է եւ ցանկանում եմ, որ կատարվածը չխաթարի նրանց ընտանեկան անդորրը, հատկապես այն դեպքում, որ նրանք վարքի հետ կապված խնդիր չունեն»,- ավելացրեց Շուշանիկ Գալստյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզում 20-ամյա Ռոման Զաքարյանը մսուր-մանկապարտեզում սեռական հարաբերություններ է ունեցել 14-ամյա անչափահասի հետ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Ըստ գործի նյութերի` 20-ամյա Ռոման Զաքարյանը 2012թ. հոկտեմբերի սկզբներին ընկերություն անելու նպատակով ծանոթացել է Բերդ քաղաքի անչափահաս բնակչուհի` 14-ամյա Գ.Հ-ի հետ: Նրանք միմյանց հետ ընկերություն են արել, որից հետո 2012թ. հոկտեմբերի 11-ին` երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, միմյանց հանդիպելով` գնացել են Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզի մոտ, որի մուտքը շինվերանորոգման աշխատանքների հետեւանքով եղել է բաց եւ մտնելով ներս, նախապես իմանալով, որ Գ. Հ-ն 14 տարեկան է, առաջին հարկում գտնվող նստարանների վրա վերջինիս համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Քննելով գործը դատարանը ամբաստանյալ Ռ.Զ-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման` 6 ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, իսկ խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալը, թողնվել է անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդուհանդերձ, դեկտեմբերի 25-ին ստացվել է վերաքննիչ բողոք: Սակայն Ռոման Զաքարյանի, թե վերաքննիչ, թե վճռաբեկ բողոքը դատարանը թողել է անփոփոխ:




























