Ձնաբքի պատճառով Սելիմի լեռնանցքում մնացածներին օգնության են շտապել զինծառայողները: NEWS.am-ի տվյալով, անցնող գիշերվա ընթացքում Սելիմի լեռնանցքում շարունակվել են փրկարարական աշխատանքները: Երկու զորամիավորումների զինծառայողները, օգնության գալով ԱԻՆ-ին, ձյան գերությունից մի քանի տասնյակ մեքենաներ են ազատել: Զինծառայողների օգնությամբ 60-ից ավելի մարդ է տարհանվել, մարդկանց փրկելու համար գործի է դրվել բանակային ծանր տեխնիկան: Այս պահին աշխատանքները շարունակվում են:

Սելիմի լեռնանցքը գտնվում է Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին: Այն Հայաստանի առավել բարձրադիր ավտոճանապարհներից է (գտնվում է 2500 մ բարձրությունում՝ Ռազմավիրական ճանապարհի Խաչի լեռնանցքից մի փոքր բարձր): Ձմռանը Հայաստանում այն ամենադժվարանցանելի ավտոճանապարհն է՝ առատ եւ անկանխատեսելի տեղումների պատճառով: