Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել եւ հարցաքննել է Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ մահափորձի կասկածյալին, հայտնել են Մոսկվայի ՆԳՆ ԳՎ-ից:

Life News-ի տվյալով՝ ոստիկանությունը գործի երկու մասնակիցների է բացահայտել, որոնք անմիջական կատարողներ են եղել: Պատվիրատուի անձը դեռեւս հաստատված չէ:

Հարձակվողներին հաշվառել են դեպքի վայրում հանցանքի պահին բջջային հեռախոսներից արված բոլոր զանգերը ստուգելով: Առավոտյան ժամը 6-ի սահմաններում կասկածյալներից մեկին ձերբակալել էին:

Սերգեյ Ֆիլինն ավելի վաղ հայտնել էր, որ ենթադրում է՝ ով է կանգնած հանցանքի հետեւում, սակայն հրապարակային հայտարարություններ չէր արել՝ քննությանը չխանգարելու համար:

Ռուսաստանի ժողովրդական արտիստի վրա հարձակում էր կատարվել հունվարի 17-ին: Նրա դեմքին ծծմբաթթու էին լցրել, 42-ամյա Ֆիլինը դեմքի այրվածքներով եւ աչքի եղջերաթաղանթի վնասվածքով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, այնուհետեւ բուժումը շարունակել էր Գերմանիայում: