Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Սուրբ Աթոռում (Վատիկանում) դեսպանատուն բացել; ՀՀ նախագահն արդեն այդ մասին հրամանագիր է ստորագրել, իսկ կառավարության կողմից հավանության արժանանալու հարցը ներառված է մարտի 7-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23-ին։ Սուրբ Աթոռը 2000թ. նոյեմբերի 9-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ Վատիկանում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեւ ստորագրված համատեղ հայտարարությամբ։
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման՝ Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացումը կարեւորվում է ոչ միայն աշխարհում վերջինիս ունեցած հոգեւոր, այլեւ՝ քաղաքական ազդեցությամբ։ Հատկանշական է, որ Սուրբ Աթոռը հանդիսանում է մշտական դիտորդ ՄԱԿ-ում եւ ԵԽ-ում, ինչպես նաեւ անդամակցում է ԵԱՀԿ-ին եւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների։




























