Ես հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին հայրենասիրության համար, սակայն նա ի վիճակի չէ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, քանի որ գործընթացն սկսել է ոչ այն ծայրից: Այդ մասին, մարտի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով` իրեն չեն հրապուրում ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարախոսությունները, քանի որ երկուսի մոտ էլ բացակայում են կոնկրետ քաղաքական եւ տնտեսական ծրագրերը. «Քանի դեռ երկուսի մոտ էլ չկա սկզբունքորեն նոր տիպի պետական մեքենա, նրանք երկուսն էլ չեն կարող փոխել իրավիճակը երկրում»:

Հակոբյանը նաեւ հիմարություն է անվանել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը` ստվերային կառավարություն ստեղծելու մասին. «Դա հիմարություն է, նախքան ստվերային կառավարություն ստեղծելը անհրաժեշտ է գործողությունների ծրագիր կազմել, ստեղծել տնտեսական եւ քաղաքական ծրագրեր, գաղափարախոսություն»:

Անդրադառնալով իշխանության գործողություններին` մարքսիստը նշել է, թե նրանք այլեւս չեն կարող կառավարել երկիրը նախկինի պես, եթե իրենց շարքերը չհամալրեն թարմ, արհեստավարժ կադրերով: