Չեխիայի խորհրդարանում քննարկում են Սումգայիթի հայկական ջարդերի վերաբերյալ բանաձեւ ընդունելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է հայտնի բուլղարացի հեռուստալրագրող-վավերագրող Ցվետանա Պասկալեւան մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, վերջերս Պրագա կատարած այցի ընթացքում կայացել է նրա հանդիպումը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների, ԱԳՆ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության հետ: Հանդիպմանը ներկայացվել են փաստեր Սումգայիթի ջարդերի եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ մի քանի ադրբեջանցի ուսանողներ, որոնք նախ փորձել են խափանել միջոցառումը: Մասնակցել է նաեւ չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովան, ում տված հարցազրույցում նախկին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել էր, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են Ազգային ճակատի զինյալները:

Ինչպես նշել է Ցվետանա Պասկալեւան, երբ ներկայացվել են փաստերը, չեխական խորհրդարանի անդամը խոստավանել է,թ ե ոնց է ընդունվել Խոջալուի բանաձեւը: Ըստ այդ պատգամավորի, բանաձեւն օրակարգում ընդգրկված չի եղել, այլ ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտին, եւ ընդունվել առանց ուսումնասիրման: