Թեեւ Երեւանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուն հաշված օրեր են մնացել, բայց կուսակցությունների մեծ մասը` դեռ չի կողմնորոշվել`մասնակցել ընտրություններին, թե ոչ: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ որոշում չունեն, առաջիկա օրերին քաղխորհրդի նիստ կանեն, որտեղ կանդրադառնան այդ խնդրին:
Պետրոս Մակեյանը նշեց, որ մի կողմից Հայաստանում ընտրական համակարգը կայացած չէ, մյուս կողմից էլ` որպես քաղաքական ուժ` սխալ է ընտրական գործընթացներին չմասնակցելը, եւ հիմա երկու ծայրահեղությունների մեջ են ընկած: «Այդ հարցին միայն քաղխորհրդի քննարկումից հետո կարող ենք անդրադառնալ»,- նշեց կուսակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Մարտի 11-21-ը կուսակցությունները կարող են իրենց ցուցակները ներկայացնել ԿԸՀ, իսկ ընտրական ցուցակների գրանցումը կլինի մարտի 21-31-ն ընկած ժամանակահատվածում: Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվելու է, ապրիլի 7-ից եւ ավարտվելու է մայիսի 3-ին:




























