Բրիտանական խորհրդի, Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) կազմակերպած Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մեկնարկել է կրթական եւ երիտասարդական ծրագիրը:
Մարտի 4-ին ծրագիրն սկսել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Կենվորը» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո տեղի է ունեցել քննարկում եւ վարպետության դասընթաց Միջազգային կինոուղեցույցի (International Film Guide) խմբագիր Յան Հեյդն Սմիթի մասնակցությամբ:
«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի եւ Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ: Երիտասարդական ծրագրերը մշտապես գտնվում են «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության կենտրոնում, եւ մենք համոզված ենք, որ բրիտանական կինոարվեստի հետ ծանոթությունը էլ ավելի կընդլայնի երիտասարդ տաղանդավոր կինոքննադատների մտահորիզոնը եւ կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:
Կրթական եւ երիտասարդական ծրագրի շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ցուցադրվելու է փառատոնի ֆիլմերը եւ բրիտանական կարճամետրած ֆիլմերը: Ցուցադրությունը բաց է լինելու կենտրոնի սաների համար: Իսկ մարտի 3-ից -11-ը կինոքննադատ Յան Հեյդն Սմիթը կանցկացնի կինոգրախոսության դասընթաց:
Մարտի 11-ից մարտի 15-ը ֆիլմերը կցուցադրվեն Երեւանի Պետական Համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մենք միշտ կազմակերպում ենք դասընթացներ եւ հանդիպումներ, ինչը հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալ Միացյալ Թագավորության կինոարտադրության փորձին», - նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի բացումը կայացել է մարտի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնը նվիրված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակված Միջազգային ջրային համագործակցության տարվան: Փառատոնի պաշտոնական ծրագիրը կշարունակվի մինչեւ մարտի 11-ը, որից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաեւ մարզերում եւ զորամասերում:




























