Մալդիվներում նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդը մեղադրվել է լիազորությունները գերազանցելու եւ զրպարտության մեջ եւ կալանավորվել: Մարտի  6-ին Նաշիդը կկանգնի դատարանի առջեւ:

Նաշիդը կալանավորվել է իր տիրույթում, ապա նրան տեղափոխել են ուղղիչ հաստատություններից մեկը: Ավելի վաղ նա իրավապահներից թաքնվել է  Մալդիվների մայրաքաղաք Մալեում` Հնդկաստանի դեսպանատանը, հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն: Դատարանը նրան ձերբակալելու հրաման է տվել այն բանից հետո, երբ փետրվարի 10-ին նա դատարան չի եկել:

Միաժամանակ, ինչպես հայտնում է Associated Press-ը, Նաշիդի ձերբակալությունից հետո Մալդիվներում անհանգստություններ են սկսվել:Նախկին նախագահի տիրույթներում նրա կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներ են եղել:

Նաշիդին մեղադրել են իր նախագահության տարիներին լիազորությունը գերազանցելու մեջ: Մասնավորապես, նրան են վերագրել երկրի Քրեական դատարանի ղեկավար Աբդուլա Մուհամեդի անօրինական ձերբակալման պատասխանատվությունը, որը հանգեցրել է  երկրում զանգվածային անկարգությունների: Արդյունքում Նաշիդը 2012 փետրվարին` կորցնելով բանակի եւ ոստիկանության աջակցությունը, ստիպված պաշտոնաթող է եղել: