Եվրահանձնաժողովի «eTwinning» ցանցը, որը Եվրոպայի 33 երկրների 100 հազար դպրոցների միջեւ համացանցի միջոցով հաղորդակցում է հաստատել, կընդլայնվի՝ ներառելով Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի դպրոցները, գրում է Invest in EU-ն:
«eTwinning Plus» ծրագրի գործարկումը այդ երկրներին թույլ կտա միանալ մեծ վիրտուալ դասարանին, որտեղ աշակերտները կարող են ավելի շատ բան սովորել եւ մասնակցել ինտերակտիվ նախագծերի՝ ուղղված լեզուների եւ այլ առարկաների ուսուցմանը: Դա նաեւ երիտասարդներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ տարբեր մշակույթների եւ ավանդույթների, պարզել իրեց միջեւ եղած ընդհանրությունները:
«eTwinning»-ը փորձնական նախագիծ է՝ Արեւելյան գործընկերության վրա հիմնված եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակում: Սկզբում «eTwinning Plus»-ը որպես հիմնական լեզուներ կօգտագործի անգլերենը եւ ռուսերենը, իսկ ֆրանսերենը եւ արաբերենը կավելացվեն ավելի ուշ:
Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել է. « ԵՄ-ի մասնակցության բարձրացումը կրթության, բարձրագույն եւ մասնագիտական կրթության ոլորտներում գործընկեր երկրներին եւ հատկապես երիտասարդ սերնդին կօգնի լինել ավելի պատրաստված՝ տնտեսական եւ սոցիալական մարտահրավերները հաղթահարելու համար»:
Երկրներից յուրաքանչյուրում ցանցի ստեղծման օգնության համար կբացվի սպասարկող գործընկերային գործակալություն: Այդ կազմակերպությունները առաջ կմղեն «eTwinning Plus»-ն ազգային մակարդակի վրա, որպեսզի այն համապատասխանի դպրոցների պահանջներին, եւ թրեյնինգներ կազմակերպի ուսուցիչների համար: Նրանք մասնակից դպրոցներ կընտրեն դրանց համակարգչային համալրվածության եւ լեզուների իմացության հիման վրա:
«eTwinning Plus»-ի բյուջեն կազմում է 834 հազար եվրո. Այդ գումարի կեսը կներդրվի նոր առցանց պլատֆորմի եւ աշխատանքների համակարգման զարգացման համար, իսկ մնացածը կհատկացվի գործընկերային գործակալությունների ֆինանսավորմանը: Երկրների բաշխումը կարվի հետեւյալ կերպ՝ Հայաստանը կստանա 64 հազար եվրո, Ադրբեջանը՝ 80 հազար եվրո, Վրաստանը՝ 64 հազար եվրո, Մոլդովան՝ 80 հազար եվրո, Ուկրաինան՝ 96 հազար եվրո:




























