Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը հոգեհարազատ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար, հետեւաբար նա դժգոհ չէ, որ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ-ի ցուցակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով` արդեն 7 տարի է, ինչ տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում: «Այն աշխատանքները, որոնք Երեւան քաղաքում եւ ժամանակին Ավան համայնքում կատարվել է, դեռ անելիքներ ունենք, ծրագրեր կան»,- ավելացրեց Տարոն Մարգարյանը:
Արձագանքելով այն հարցին, թե նախորդ տարիների հետ համեմատած այս ընտրություններին Սերժ Սարգսյանը ինչու Ավան համայնքում քիչ ձայներ ստացավ, նա արձագանքեց. «Ես իմ պատասխանը չեմ ձեւակերպի համեմատականների մեջ, բայց Երեւան համայանքում կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը նախորդ ընտրություններից մոտավորապես 10 տոկոսով ավելի շատ քվե է ստացել»: Դիտարկմանը, թե շատերին զարմացնում է հենց Ավանի հանգամանքի արդյունքները, Մարգարյանը պատասխանեց. «Պետք չէ զարմանալ: Երեւանի համայնքները մեկ ընտանիք են եւ նախորդ ընտրությունների համեմատ Երեւան համայնքում այս ընտրություններում ավելի շատ քվե ենք ստացել»:




























