Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Առաջնորդի մահվան լուրը հեռուստաելույթում հայտնել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Մի քանի ժամ առաջ Մադուրոն ժողովրդին կոչ էր արել աղոթել Չավեսի առողջության համար: Նույն դիմումում փոխնախագահը վստահություն էր հայտնել, որ 58-ամյա նախագահի ծանր հիվանդությունը «նրա դեմ դավադրության հետեւանքն էր» եւ խոստացել էր, որ կստեղծվի գիտական հանձնաժողով, որը «կապացուցի, որ Չավեսի թշնամիները միջոց էին գտել նրան քաղցկեղով վարակելու»:
Երկրի արտգործնախարար Էլիասա Խաուան հայտնել է, որ կոմանդանտեի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 8-ին: Մինչ այդ բոլիվարյան հեղափոխության առաջնորդի մարմինը կգտնվի ռազմական ակադեմիայում:
Պետության ղեկավարի վախճանի կապակցությամբ հանրապետությունում յոթնօրյա սուգ է հայտարարվել: Ըստ Խաուայի` Չավեսի հուղարկավորությանը կմասնակցեն ամբողջ Լատինական Ամերիկայից ժամանած հյուրեր: Global Post-ը հայտնում է, որ Վենեսուելայի ժողովրդին արդեն ցավակցություններ են հայտնել Բոլիվիան, Էկվադորը, Չիլին, Բրազիլիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Յամայկան եւ Արգենտինան: Վերջինիս իշխանությունները Չավեսի պատվին եռօրյա սուգ են հայտարարել, գրում է «gazeta.ru»-ն:
Պաշտոնական հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի ներկայացուցիչները: Իր խոր ցավակցությունն է հայտնել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ Չավեսի մահից հետո երկրներին կհաջողվի կառուցողական հարաբերություններ ստեղծել: Չավեսի ընտանիքին ցավակցական նամակ է հրապարակել ամերիկյան նախկին առաջնորդ Ջիմի Քարթերը:
The Washington Post-ում հրապարակվել են ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի ցավակցական խոսքերը:
Ուգո Չավեսի քաղաքական կարիերան սկսվել է 1992թ., երբ նա, լինելով օդային դեսանտային զորքերի գնդապետ, գլխավորել էր պետական չհաջողված հեղաշրջման փորձը: Չավեսը բանտում երկու տարի անցկացնելուց հետո` համաներման էր արժանացել նախագահ Ռաֆայել Կալդերի կողմից: 1998թ. Չավեսը հաղթել էր պետության ղեկավարի ընտրություններում, հավաքելով ձայների 55%-ը, պաշտոնն ստանձնել էր հաջորդ տարի եւ այդ օրվանից չէր լքել Վենեսուելայի ղեկավարի պաշտոնը:




























