ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ է քննարկում, որոնք կներառեն ԿԺԴՀ ուղարկվող կամ այնտեղից դուրս եկող, ինչպես նաեւ դրա քաղաքացիներին եւ կառավարությանն առնչվող  բեռների նախնական ստուգում: Ստուգմանը խոչընդոտելու դեպքում երկրներին հրահանգվում է նավն իրենց նավահանգիստ չթողնել: Համանման քայլեր են նախատեսվում նաեւ օդային փոխադրումների դեպքում: Բացառություն են կազմում արտակարգ վայրէջքները:

Բացի այդ, բանաձեւը պետություններից պահանջում  է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց տարածքում թույլ չտան ԿԺԴՀ-ի բանկերի մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հիմնումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  բանաձեւը նախատեսում է նաեւ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հետ կապված երկու ընկերությունների, ինչպես նաեւ մի քանի անձանց ակտիվների սառեցում: Ընդլայնվում է նաեւ ԿԺԴՀ տեղափոխելն արգելվող ապրանքների ցուցակը: Բացի այն նյութերից, որոնք կարող են կիրառվել միջուկային սարքեր եւ հրթիռներ ստեղծելու համար, ընդգրկվել են նաեւ շքեղության առարկաները, դաշնամուրը, զբոսանավերը, «լյուքս» դասի ավտոմեքենաները, սպորտային արագընթաց մեքենաները եւ միկրոավտոբուսները:

Բանաձեւի նախագիծը նախապատրաստել է ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ Չինաստանի հետ համագործակցությամբ: Խորհրդի անդամ 15 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, փաստաթղթին աջակցելու պատրաստակամություն են հայտնել

Միաժամանակ, ըստ vesti.ru-ի, Հյուսիսային Կորեան սպառնում է դուրս գալ Կորեական թերակղզու հրադադարի համաձայնագրից: Փհենյանը պատրաստ է նման արմատական միջոցների դիմելու, եթե ամերիկյան եւ հարավկորեական զորքերը չդադարեցնեն Հարավային Կորեայի տարածքում զորավարժությունները: Իր հերթին «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ մարտի 6-ին Հարավային Կորեայի զինվորականները ԿԺԴՀ-ի կողմից ագրեսիայի դեպքում հակահարված հասցնելու պատրաստակամություն են հայտնել:

ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ամենամյա Foal Eagle (Երիտասարդ արծիվ) զորավարժությունները Կորեական թերակղզում սկսվել են 2013թ. մարտի 1-ից եւ կշարունակվեն մինչեւ ապրիլի 30-ը: