Ստամբուլում ծեր հայ կանանց վրա հարձակվելու կասկածանքով կալանավորված Մուրադ Նազարյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նրա խոսքով` ոստիկանությունը չի բացառում, որ Մուրադ Նազարյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: «Մեր թերթի թղթակիցները նաեւ հետաքննություն են իրականացրել եւ պարզվել է, որ Նազարյանը հոգեկան շեղումներ ունի դեռ մանկուց: Սակայն նաեւ չի բացառվում, որ նրա գործողությունները մեկ ուրիշն է ուղղորդել եւ հենց դա լ պետք է բացահայտի ոստիկանությունը»,-ասաց Քոփթաշը, հավելելով, որ կասկածյալն ընդունել է իր մեղքը:
Ինչ վերաբերում է հայ համայնքում վախի մթնոլորտին, որը ստեղծվել է ծեր կանանց վրա հարձակումներից հետո, ապա ըստ «Ակոսի» խմբագրի` երբ իրավիճակը մի փոքր պարզվեց, վիճակը խաղաղվել է:
Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։




























