Սիրունյան իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել նախօրեին կալանավորված, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի վերաբերյալ: 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը:

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչեւ Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչեւ Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել, կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչեւ թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաեւ ձերբակալությունը կալանքով փոխելու եւ կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռեւս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչ օրս հանդիսանում է Հանրապետության նախագահի թեկնածու եւ կալանավորվել չէր կարող»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Մինչեւ այդ, այսօր` մարտի 5-ին, NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` խուզարկություններ են կատարվել Սեդրակյանի մեքենաներում եւ գրասենյակում, նաեւ նրա տանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանը նշել էր, թե տեղեկություն չունի իր տան խուզարկության եւ իրեն ձերբակալելու մասին շրջանառվող տեղեկություններից: «Ես հիմա տանը չեմ, աշխատանքի վայրում եմ, նման տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Հարցին, թե որտեղ է աշխատում, նա պատասխանել էր, որ «Արմատ» ակումբում է, շուտով դուրս է գալու»: Նախագահի նախկին թեկնածուն ասել է նաեւ, որ իրեն ձերբակալելու մասին լուրերին վերաբերում է հումորով:

ԱԱԾ մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնել էին, որ ընթանում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել: