«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ-ն լուրջ դիլեմայի առջեւ է կանգնած՝ ո՞վ է ղեկավարելու Երեւանի ավագանու   համամասնական ցուցակը:

«Իդեալական տարբերակը կլիներ, որ Ծառուկյանը ղեկավարեր, ցավալիորեն դրա հավանականությունը զրո է: Դատելով նախորդ օրը տեղի ունեցած քաղխորհրդի նիստից` քիչ հավանական են նաեւ Արսենյանը եւ Օսկանյանը. Ծառուկյանը մեղմորեն անվերջ սաստում էր նրանց` թույլ չտալով ծավալվել: Բացառվում է նաեւ Սեդրակ Քոչարյանի առաջադրումը, իսկ եթե կայացվի այնպիսի որոշում, որը շատերիս սրտով չի լինի, ապա մենք չենք խառնվի այդ ընտրություններին, աջ կքաշվենք»,- ասաց  ԲՀԿ ներկայացուցիչը` չբացառելով, որ վերցված պաուզան նաեւ նրա համար է, որ Ծառուկյանը հասկանա, թե ինչ արդյունք է ունենալու Պուտին-Սարգսյան հանդիպումը եւ կուլիսներում ընթացող ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունները:

Ի դեպ, որոշ աղբյուրների տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանը հակված չէ ԲՀԿ-ին տեսնել ապագա կոալիցիայում, պատճառները, բացի քաղաքականից, նաեւ մարդկային են. ԲՀԿ-ն այդպես էլ չշնորհավորեց նրան: