Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը, Արտեմ Ասատրյանը, ինչպես նաեւ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, որոշ պարզաբանումներ ներկայացրեցին կենսաթոշակային ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ։

Կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների փաթեթ է մշակել, ըստ որի՝ պետք է կենսաթոշակների վճարման բաշխողական համակարգից անցում կատարվի կուտակային համակարգի: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով, նոր փոփոխություններով նախատեսվում է թոշակառուի համար ապահովել նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք եկամուտ:

Նոր համակարգը ենթադրում է, որ մինչեւ աշխատող անձինք պետք է տարիների ընթացքում կուտակեն իրենց թոշակները՝ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերին փոխանցելով իրենց աշխատավարձի 5 տոկոսը, իսկ պետությունը կկրկնապատկի կուտակվող գումարը։ Սա պարտադիր է մինչեւ 40 տարեկան բոլոր անձանց համար: Ըստ փոխնախարարի, ներկայումս կենսաթոշակի չափը սահմանվում է քաղաքական որոշմամբ, ինչը «անորոշության մեջ է գցում քաղաքացուն՝ իր ապագայի նկատմամբ»:

Նույն խնդրին անդրադառնալով՝ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը կարծիք հայտնեց, որ ներկայումս գործող համակարգում «սերունդների համերաշխության» սկզբունքը արդյունավետ չէ: «Համակարգից օգտվողների թվաքանակը շատ ավելի մեծ է, քան վճարողներինը։ Եթե մենք ապագայում բարձրացնենք կենսաթոշակները, սա տանելու է դեպի դեֆիցիտային համակարգի։ Գործող համակարգն արդար չէ, որովհետեւ մենք ստանում ենք որոշակի աշխատավարձ, գալիս է կենսաթոշակի անցնելու տարիքը, միանգամից ընկնում ենք սոցիալապես անապահով խավի մեջ»,- ասել է նա: Նկատենք, սակայն, որ նոր մեխանիզմը եւս չի վերացնում այն խնդիրը, երբ միջին աշխատավարձ` մոտավորապես 100-150 հազար ստացող քաղաքացին կենսաթոշակի անցնելով դառնում է անապահով խավի ներկայացուցիչ: