Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը («Արաբկիրցի Զորիկ») դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ Զոհրաբ Զոհրաբյանը: «Առաջին անգամ կյանքիս մեջ դարձել եմ կուսակցական, երբեւէ չեմ եղել ոչ մի կուսակցության անդամ»,- նշեց նա:
Իսկ թե ինչու նա ԲՀԿ-ն գերադասեց ՀՀԿ-ից,ապա նախկին պատգամավորը պարզաբանեց, որ ինքը նայել է ծրագրերը, նայել թիմերին եւ իրեն հոգահարազատ եւ նպատակահարմար է համարել աշխատել ԲՀԿ-ի հետ: «Եւ հետո, այդ կուսակցությունը այն կուսակցությունը չի, որ մյուս կուսակցությունների նման միանգամից բոլոր մարդկանց ընդունում է իր շարքերը»,- ասաց Զոհրաբ Զոհրաբյանը` հավելելով, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններից հետո շուրջ 10 ամիս` բանակցություններ են վարել, իրենք համագործակցել են, սերտ աշխատել են, այդ ամիսներին եղել է ԲՀԿ համակիր, իսկ վերջին օրերին էլ դարձել է ԲՀԿ անդամ: Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ երեկ հանդիպում չի ունեցել, բայց ինքը բոլոր մարդկանց հետ հաճախակի հանդիպում է:
Նախկին պատգամավորն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններին հաստատ չի ընդգրկվելու ԲՀԿ համամասնական ցուցակում, իսկ թե ինչ նպատակով է դարձել կուսակցական, այսպես մեկնաբանեց. «Մեծ ծրագրեր ունենք, ժողովրդին ծառայելու համար: Ես տեսնում եմ, որ ԲՀԿ-ն ունի ուժ, ժողովուրդ իր կողքին, շուրջ կես միլիոն մարդ վստահության քվե է տվել»:
Թեեւ ցուցակում չի լինելու, բայց ընտրություններին ջանասիրաբար աշխատելու է ԲՀԿ-ի համար, «այնպիսի ծրագիր ունենք ես եւ մեր կուսակցությունը, որ դա կմատուցենք տնետուն, դռնեդուռ»: Հարցին, թե ՀՀԿ-ի համար դժվար է լինելու Արաբկիրում, նա խոստացավ, որ բոլորի համար է դժվար լինելու, ՀՀԿ-ի համար` նամանավանդ ավելի շատ է դժվար լինելու, որովհետեւ այսօր գործող իշխանություն է:
Անդրադառնալով իր եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հարաբերություններին` նա նշեց, որ իրենք շարունակում են ընկերներ մնալ, որեւէ խնդիր չկա. «Ես ուրախանում եմ, պարոն Հայրապետյանն էլ էնքան բան ունի արած էս երկրի համար, հիմա էլ է անում ամեն օր քրտնաջան, մեր պատմության ժամանակ մեր ֆուտբոլը այդպիսի զարգացում չի ունեցել, ինչպես հիմա»:
Նշենք, որ «Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ հանդիպել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը (Զորիկ) եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Արաբկիր վարչական տարածքում Զոհրաբ Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ին աջակցելու հարցը: Չի բացառվում, որ Զոհրաբ Զոհրաբյանը ընդգրկվի նաեւ ԲՀԿ-ի ավագանու ցուցակում: Այս տարածքում ՕԵԿ-ի ձայներն ապահովելու համար համառ պայքար է մղելու Արաբկիր վարչական տարածքում հեղինակություն համարվող, վերջերս ՕԵԿ-ական դարձած, Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակի երկրորդ համարն է:Ի դեպ, 2007-ին Զոհրաբ Զոհրաբյանը ԱԺ-ում էր հայտնվել Ռուբեն Հայրապետյանի «թեթեւ ձեռքով» եւ համարվում էր վերջինիս հովանավորյալը»,- գրում է «Ժամանակը»։




























