Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են, եւ որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություններ գտնվում են անվտանգության նույն համակարգում, հույս է հայտնել, որ նախագահության ընթացքում կհաջողվի ընդլայնել երկու երկրների միջեւ երկկողմ ու բազմակողմ գործակցությունը:

Ղազախստանի արտգործնախարարն իր հերթին Հայաստանի նախագահին տեղեկացրել է ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության ընթացքում Ղազախստանի առաջնահերթությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով կազմակերպելու մտադրության մասին:

Նախագահ Սարգսյանը Ղազախստանի արտգործնախարարին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումների մասին` ընդգծելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ, իսկ դրա լուծումը պետք է համաժամանակյա պատասխաններ տա հիմնախնդրի բուն պատճառներին ու հետեւանքներին:

Կանատ Սաուդաբաեւը ասել է, թե իրենք ըմբռնում են, որ կարճ ժամանակում դժվար է լուծել տարիներով ձգձգված հակամարտությունները, սակայն Ղազախստանն իր նախագահության ընթացքում կփորձի օգտակար լինել Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Կանատ Սաուդաբաեւը նաեւ նշել է, որ հակամարտության լուծման ճանապարհին կարեւոր քայլ կարող է լինել դիպուկահարների հետքաշումը շփման գծից, ինչի ուղղությամբ ԵԱՀԿ-ն կգործադրի իր ողջ կարողությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ-ի այլ առաջնահերթություններին վերաբերող հարցեր: