ՀՀ ՊՆ շինվարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանի կողմից իր փաստաբաններից հրաժարվելու հայտարարությունից հետո, այսօր պատասխան հայտարարություն են տարածել նրա նախկին փաստաբանները:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ձերբակալվել էր Նոր տարվա տոներից մի քանի օր առաջ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին հրապարակեց Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ին արձակած հրամանի քաղվածքը։ Հրապարակված քաղվածքի համաձայն, նախագահական ընտրություններից 4 օր անց զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծել «Կայազորի պետի վարչակազմ» անվամբ նոր կառույց։ Ընդդիմադիր մամուլի հրապարակումների համաձայն, նշված ժամանակաշրջանում հիշյալ կառույցը գործնականում փոխարինել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին եւ ապահովել է մարտի 1-ին զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները։
Նա երեկ հրաժարվել է իր պաշտպաններից, քանի որ վերջիններս հայտարարել էին. «Արմեն Սարգսյանը մանրամասն ցուցմունքներ կտա, թե ում է ձեռնտու եղել, որպեսզի քրեական գործը հարուցվի եւ նա գտնվի կալանքի տակ։ Նա արտոնել է մեզ, որպեսզի արդեն կոնկրետ անուններ սկսեն տրվել։ Մեկը՝ Սեյրան Օհանյանը, մյուսն էլ՝ Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը»: Իսկ ահա Ա. Սարգսյանը պնդել է, որ պաշտպանները հանդես են եկել իր անունից եւ հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ` դրանով վարկաբեկելով իր անունը:
Ի պատասխան սրա, Ա. Սարգսյանի արդեն նախկին պաշտպաններ Արթուր Գրիգորյանն ու Տիգրան Աթանեսյանը տարածել են հայտարարություն, որում ասվում է, թե անկախ այն հանգամանքից` Ա. Սարգսյանն այդ հայտարարությունն արել է իր ազատ կամքով, թե ճնշման տակ, դա նենգաբարո խաղերի արդյունք է:
Փաստաբանները զգուշացնում են, որ իրենց պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու եւ կամ իրենց դեմ հետապնդում սկսելու համար Ա. Սարգսյանի սադրանքը շահարկելու դեպքում իրենք ստիպված կլինեն հրապարակել իրենց տրամադրության տակ գտնվող ու փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
Նշենք, որ այդ տեղեկությունները վերաբերում են Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների:




























