Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով այս տարի եւս պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս համատեքստում քաղաքապետը ծանոթացել է Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող եւ արդեն սկսված աշխատանքների ընթացքին:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Ավանեսովի փողոցի հանրակացարաններին հարակից բակը: Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքն այսօր այլեւս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. «Ինչպես եւ խոստացել էինք մեր բնակիչներին, այս տարի եւս մեր ծրագրերն ուղղված են Երեւանի համաչափ զարգացմանը եւ այս համատեքստում համայնքի բյուջեով նախատեսել ենք եւս 400 բակերի, այգիների ու պուրակների բարեկարգման ու կառուցման աշխատանքեր: Ծրագրերի մեկնարկն արդեն տրված է եւ բոլոր վարչական շրջաններում առաջիկայում նկատելի կդառնա աշխատանքների ընթացքը»,- նշել է քաղաքապետը:
Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հանրակացարանի բնակիչներն, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հանրակացարանի 4-րդ կարգի վթարային դարձած մասնաշենքից իրենց տեղափոխման երկարամյա հարցին արագ արձագանքելու եւ ընթացք տալու համար: Քաղաքապետը տեղեկացրել է շահառուներին, որ մինչեւ տարեվերջ Աջափնյակ վարչական շրջանում կավարտվի նոր շենքի կառուցումը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաեւ Էրեբունի վարչական շրջանում արդեն մեկնարկած բակերի համալիր բարեկարգման ծրագրի ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Արցախի փողոցի մի շարք բակերում, ինչպես նաեւ Նոր Արեշ թաղամասում նախատեսվող ծրագրերի ընթացքը, որոնց շրջանակում արդեն իսկ մեկնարկել էին ինքնակամ զբաղեցրաց բոստանային տարածքներից մաքրման ու բարեկարգման նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի համաձայն խաղային ատրակցիոններով, մարզական գույքով ու ֆուտբոլի խաղադաշտով կկահավորվի նաեւ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի հարակից տարածքը, որը կհամալրի Էրեբունի վարչական շրջանի նորաստեղծ հանգստի գոտիների շարքը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները եւ նրանց եւս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր է:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը հետեւել է նաեւ Էրեբունի վարչական շրջանում ընթացող գարնանային մաքրման, ծառերի էտման եւ ձեւավորման աշխատանքների ընթացքին: Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բարեկարգվող բակերում ու հանգստի գոտիներում եւս լուրջ ուշադրություն դարձնել կանաչ գոտիների ստեղծմանն ու ոռոգման համակարգի ապահովմանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այս տարի Երեւանի զարգացման ծրագրի շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքը եւս կապահովվի անհատական ջեռուցմամբ: «Երեւանում կա 20 թանգարան, որից չորսը քաղաքապետարանի ենթակայության են: Չորս թանգարաններից երկուսն արդեն ապահովված են ջեռուցմամբ, մյուս երկուսը, որից մեկը Էրեբունի թանգարանն է, ունեն ջեռուցման խնդիր: 2013թ-ի բյուջեով մենք նախատեսեցինք այդ երկու թանգարանների ջեռուցման հարցը եւս կարգավորել: Մոտ օրերս աշխատանքների մեկնարկն արդեն կտրվի եւ այս տարվա ծրագրով քաղաքապետրանի ենթկայության բոլոր թանգարանների ջեռուցման հարցը այլեւս դուրս կգա օրակարգից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է նաեւ թանգարանում, ծանոթացել ցուցադրություններին ու իր գրառումն է թողել պատվո հյուրերի գրքում:




























