Թեեւ «Ժառանգություն» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու շուրջ խորհրդարանական քննարկումներին, սակայն եթե համաձայնություն ձեռք բերվի խմբակցությունների միջեւ, «Ժառանգությունը» կքննարկի իր մասնակցության հարցը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Համարում եմ, որ «Ժառանգությունը» չպետք է փակի դռները բանակցային գործընթացի առջեւ, սակայն այլ հարց է, թե ինչ արդյունքներ կստացվեն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առնվազն «Ժառանգությունը» պետք է մասնակցի բոլոր հարցերի քննարկումներին, որպեսզի արտահայտի իր կարծիքը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի առաջարկին, որ խորհրդարանում գործող ընդդիմադիր ուժերի, այդ թվում «Ժառանգության» պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները եւ պայքարը տեղափոխեն Ազատության հրապարակ, Պողոսյանն արձագանքեց, որ այսօրվա դրությամբ մանդատների վայր դնելը չի կարող լուծել գոյություն ունեցող ներքաղաքական խնդիրը: «Հակառակը, գտնվելով խորհրդարանում, «Ժառանգությունն» իր ձայնը լսելի է դարձնում, օգտագործելով ԱԺ ամբիոնը»: