Նախագահական ընտրությունների ալիքը կտարածվի նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների վրա: Այս մասին այսօր` մարտի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՕԵԿ խմբակցության պագամավոր Խաչիկ Հարությունյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է ՕԵԿ-ի շտաբը:
Անդրադառնալով այն ուժերին, ովքեր չմասնակցեցին նախագահական ընտրություններին, սակայն մասնակցության հայտ են ներկայացրել Երեւանի ավագանու ընտրություններում, Հարությունյանն ասաց. «Երեւի թե այդ քաղաքական ուժերն այսպես ավելի համար են գտնում: Երեւի իրենց ուժերի վրա այդքան էլ վստահ չէին, դրա համար չմասնակցեցին, իսկ հիմա հույս ունեն որոշակի ձայներ տանելով, հայտնվել Երեւանի ավագանու կազմում»:
Ըստ նրա՝ ընդդիմությունը միջին վիճակում է: «Նախագահական ընտրությունների ալիքը կտարածվի այս ընտրությունների վրա եւ ընդդիմությունը կունենա իր ուրույն տեղը»,-ասաց նա կարծիք հայտնելով, որ դա կլինի «Բարեւ, Երեւան» դաշինքը:
ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ հորդորել հացադուլի փոխարեն պայքարի այլ ձեւ ընտրել, սակայն հավելեց նաեւ, որ նրա պայքարի վրա բռնանալ չի կարելի:
Դիտարկմանը, թե Հեղինե Բիշարյանը բազմիցս ասել է, որ եթե ընտրակաշառքներ չլինեին, իրենք ավելի շատ տեղ կունենային ԱԺ-ում, հետեւաբար կարելի՞ է ենթադրել, որ կողմ են նոր ԱԺ ընտրություններին, Հարությունյանն արձագանքեց, որ նույնիսկ դրա համար չի կարելի երկիրը տանել վայրիվերումների ճանապարհով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























