ԱԺ ներխուժած եւ հրազենային վնասվածք ստանալու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանի առողջական վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Նա նշեց, որ հետազոտությունները դեռ չեն ավարտվել, բայց արդեն պարզել են, որ տղամարդը փափուկ հյուսվածքների անատոմիական վնասվածք է ստացել: Բժիշկները ռենտգեն եւ այլ հետազոտություններ են արել, որեւէ բան չեն հայտնաբերել: Կարեն Սահակյանի խոսքով` քանի որ միջանցիկ վնասովածք է եղել, գնդակը մարմնում չէ, դուրս է եկել: Այժմ կատարվում է վերքի առաջնային մշակում, դրենավորում: Այսօր Վրեժ Գալստյանը կմնա հիվանդանոց, իսկ թե քանի օր է անհրաժեշտ ապաքինման համար, ցույց կտա հետագա ընթացքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել:
ԱԺ-ի NEWS.am-ի աղբյուրները հայտնել են, որ ժամը 14:30-ի սահմաններում, միջին տարիքի մի տղամարդ դանակով ներխուժել է Ազգային ժողովի բակ եւ սպառնալիքներ հնչեցնելով հասել մինչեւ աստիճանների մոտ: Ոստիկանության աշխատակիցները նրան հրահանգել են դանակը նետել, նա չի ենթարկվել:
Ոստիկանները կապվել են խորհրդարանի շենքի անվտանգության աշխատակիցներին, վերջիններս եկել են, օդ են կրակել, սակայն տղամարդը չի ենթարկվել, որից հետո ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ոտքին: Մինչ «Շտապօգնության» ժամանումը, վիրավորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել Ազգային ժողովի բժշկուհին: Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ ԱԺ-ի տարածքը գտնվում է իրավապահների խիստ հսկողության ներքո:
Ազգային անվտանգության ծառայությունից հրահանգել են ոչ ոքի դուրս չթողնել ԱԺ-ից, քանի որ դեպքի վայրում զննություն է իրականացվում: Շենքի մոտ ԱԱԾ աշխատակիցներ են կանգնած, որոնք արգելում են լրագրողների ելքը ԱԺ շենքից:
Նշենք, որ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանը Մասիս քաղաքի բնակիչ է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























