Այսօր՝ մրտի 27-ին  Զարզանդ Ն.-ն եւ Դավիթ Բ.-ն  բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի  բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ ստորագրությամբ բաց են թողնվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ակումբի աստիճանահարթակի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Զարզանդ Ն.-ն մարմնական վնասվածք է պատճառել նաեւ Արմեն Վ.-ի ընկերոջը` Դավիթ. Ա.-ին:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հետաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վարդանյանը: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն եւ 1976 թ. ծնված Դավիթ Բարխուդարյանը:

Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը հանրությանը հայտնի է որպես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ: Նա մինչեւ 2011 թվականը պաշտոնապես եղել է նրա օգնականը:

Նշենք, որ մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ Զարզանդ Նիկողոսյանին եւ Դավիթ Բարխուդարյանին հայտնաբերելու ուղղությամբ, NEWS.am-ի թղթակիցը զրույց է ունեցել «որոնվող» Զարզանդ Նիկողոսյանի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ երեկ՝ մարտի 26-ին, ինքն իր ընկեր` Դավիթ Բ.-ի հետ, այցելել է Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբ, սակայն որեւէ վիճաբանության, ծեծկռտուքի չի մասնակցել:

Զարզանդ Նիկողոսյանը հերքել էր, թե ինքը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, նշելով, որ Սյունիքի մարզպետը թիկնապահ չունի, ինքը տարիներ շարունակ աշխատել է նրա մոտ, բայց այժմ չի աշխատում: «Զարզանդ անունով աշխատակից չունի պարոն Խաչատրյանը, Զարզանդը ես եմ, ես իր մոտ աշխատել եմ, 2000 թվականից իրեն ճանաչում եմ, երկու տարի է` դուրս եմ եկել»,- նշել էր նա:

Մեր ճշտող հարցին, թե այժմ կապ չունե՞ք Սյունիքի մարզպետի հետ, նա պատասխանեց. «Ես իր հետ կապ ունեմ, ո՞նց կապ չունեմ, Գորիսի բնակիչ եմ, մեր Սյունիքի մարզպետն է, ես իր մոտ աշխատել եմ մինչեւ 2011թ, բայց հիմա աշխատանքային բերումով իր հետ որեւէ առնչություն չունեմ: Ով ասել է, թե Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, գլուխը պատին ա տվել, Սյունիքի մարզպետը էնքան ուժեղ ա, որ թիկնապահի կարիք չունի»,- նշել էր նա:

Հատկանշական է, որ երբ Զարզանդ Ն.-ն տեղեկացել էր, որ ոստիկանությունն իրեն է փնտրում, նա արձագանքել էր, որ այժմ գտնվում է Կապանում եւ սրճարանում նստած սուրճ է խմում մյուս «որոնվողի» Դավիթ Բ-ի հետ: «Իրենց փոխանցեք` թող գան տենամ խի՞ են ինձ փնտրում, ես հիմա Կապանում եմ, սրճարանում նստած սուրճ եմ խմում, Դավիթ Բարդուխարյանն էլ է հետս»,- նշել էր Զարզանդը: