Ռուսաստանի ԱԴԾ դաշնային սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Պրոնիչեւը պաշտոնանկ է արվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, Պրոնիչեւն անձամբ է հրաժարականի դիմում ներկայացրել, եւ այն բավարարվել է: Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, թե չի կարող պաշտոնապես հաստատել նման հրամանագրի փաստը:
Թերթը նշում է, որ Պրոնիչեւը նշանակվել է Անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի առաջին տեղակալ Վլադիմիր Բուլավինի փոխարեն: Սահմանապահ ծառայության որոշ աշխատակիցներ գաղտնիության պայմանով հայտարարել են, թե տեղյակ են հրաժարականից, սակայն չգիտեն, թե ով կնշանակվի:
Վլադիմիր Պրոնիչեւը գլխավոր սահմանապահի պաշտոնը զբաղեցրել է 10 տարի` 2003 թվականից: Մինչ այդ նա եղել է ՌԴ ԱԴԾ տնօրենի տեղակալ: «Նորդ-Օստ»-ի պատանդների ազատման ժամանակ 2002թ. նա ղեկավարել է օպերատիվ շտաբը, ինչի համար Ռուսաստանի հերոսի կոչում է ստացել: Մասնակցել է նաեւ Բեսլանում 2004թ. դպրոցից երեխաների ազատագրման գործողությանը:




























