«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որտեղ համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Ելնելով այդ հանգամանքից՝ ԵԱՀԿ-ում նախագահող երկրները, դրանց առաջնորդները մշտապես պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը բերելու Մինսկի խմբի համանախագահներին` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաեւը, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի առաջնորդ, ով նաեւ քաջատեղյակ է հիմնախնդրի պատմությանը, արտգործնախարար Սաուդաբաեւի միջոցով իր բարի կամքն ու պատրաստակամությունն է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ընթացքում իր նպաստը բերելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ NEWS.am-ին մեկնաբանելով տեղեկությունը, թե Կանատ Սաուդաբաեւը Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին է հանձնել Ղազախստանի ղեկավարի առաջարկները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Նշենք, որ օրերս Կանատ Սաուդաբաեւը տարածաշրջանային այցի շրջանակներում այցելել է Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան: Երեւանում նա հանդիպումներ է անցկացրել Հայաստանի ղեկավարության, նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հայաստանի ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսում Սաուդաբաեւը հայտարարել էր, թե Ղազախստանը պատրաստ է ուժերին ներածին չափով օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:




























