Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ մարտի 29-ի հերթական նիստում, գրանցել է 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի համամասնական ցուցակները, որոնք պետք է մասնակցեն մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:
Գրանցվել են մասնավորապես, «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցությունների եւ «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները: Այս մասին ԿԸՀ նիստում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում Երեւանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակի առաջին տեղում՝ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ի ցուցակի առաջին տեղում՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ի ցուցակի առաջին տեղում՝ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ՕԵԿ-ի ցուցակի առաջին տեղում՝ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, «Առաքելություն» կուսակցության ցուցակի առաջին տեղում՝ Մեսրոպ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: Նախընտրական քարոզարշավը կսկսվի ապրիլի 7-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 3-ը:




























