Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Կրասնոդարի երկրամաս՝ մարտի 28-ին սկսված զորավարժությունների ընթացքին հետեւելու:
Անապայի օդանավակայան Ռուսաստանի նախագահի օդանավը ժամանել է Դոնի Ռոստովից, որտեղ Պուտինը մասնակցում էր Համառուսաստանյան ժողովրդական ճակատի առաջին կոնֆերանսին: Օդանավակայանում նախագահը նստել է ուղղաթիռ, որով պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուի հետ շրջել է զորավարժարանում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Գերագույն զորահրամանատարը ժամանել է Կրասնոդարի երկրամասի Ռայեւսկի զորավարժարան, որտեղ տեղի են ունենում ցամաքային ուժերի, մարտական եւ ռազմական ավիացիայի, ռազմածովային նավատորմի զորավարժությունները:
Ռուսաստանի զինուժի ԳՎ-ի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին պատմել է, որ նախօրեին Դոնի Ռոստովից երթով զորավարժարան էին տեղափոխել 80 զրահապատ մեքենա:
Մարտի 28-ի առավոտյան ժամը 4-ին պաշտպանության նախարարին փակ ծրար էին բերել՝ նախագահի հրամանը Սեւ ծովի շրջանում անսպասելիորեն ծավալուն զորավարժություններ սկսելու վերաբերյալ: Դրա հիմնական նպատակն է ստուգել ստորաբաժանումների մարտունակությունը եւ գործողությունների կապակցվածությունը:
Զորավարժություններին մասնակցում է 36 նավ, ավիացիան, ռազմաօդային ուժերը, ծովային նավատորմը, ԳՎ-ի հատուկ նշանակության ուժերը՝ միչեւ յոթ հազար մարդ:




























