Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, մարտի 30-ին կայցելեն Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող 17.5 հա մակերեսով տարածքը ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. հատկացվել է ՀՀ ԱԻՆ-ին։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելության նպատակն է տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն հիմնելու հնարավորությունները։

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված հնարավորությունների եւ մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:

Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության եւ տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: