2013 թվականի մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը դատարանի որոշմամբ մարտի 29-ին տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց` ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նա պարզաբանեց, որ քննիչը նրան հոգեբուժարան տեղափոխելու մասին գրավոր միջնորդության է ներկայացրել դատարան, որը բավարարվել է:
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ Վրեժ Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում` «շիզոֆրենիա պարանոիդ ձեւ, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ: «Նկատի ունենալով, որ Վրեժ Գալստյանի մոտ հոգեկան հիվանդության առկայությունն ու բնույթը, ինչպես նաեւ գործի համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար հոգեբուժական փորձաքննություն, որի կատարում հանձնվել է Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին: Քանի որ հետազոտությունը պետք էր կատարվեր ստացինար պայմաններում, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա գտնվի հիվանդանոցում, ուստի քննիչը դիմել է դատարան` նրան տեղավորելու հոգեբուժական կլինիկայում»,- նշեց Սոնա Տռուզյանը:
Սա նշանակում է, որ գործի նախաքննությունը շարունակվում է, եւ երբ ստացվի փորձաքննության եզրակացությունը, վերջնական ապացույցների արդյունքում կորոշվի, թե որտեղ նա կկրի պատիժը: Չի բացառվում, որ Վրեժ Գալստյանին ուղարկեն հարկադիր բուժման:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել: 2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիեւ քաղաքացու տեղաշարժը կանխելու եւ նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքեւ՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը` Վ.Գալստյանը, Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը եւ տեսագրությունները։ Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաեւ հանրությանը։
Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։ Վրեժ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանավորում, իսկ մարտի 29-ին նա տեղափոխվել է «Նուբարաշենի» հոգեբուժարան:



























