Սնանկացած «Արմավիա» ընկերությունը ռուսական օդանավակայաններին պարտք է մոտ 45 մլն ռուբլի: Մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանին ընկերությունը պարտք է ավելի քան 44 մլն ռուբլի, իսկ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին («Բազել Աէրո» հոլդինգ)՝ մոտ 900 հազար ռուբլի: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են օդանավակայանների ներկայացուցիչները:
Գործակալության փոխանցմամբ՝ «Արմավիան» պարտքեր ունի նաեւ ռուսական ՎԵԲ եւ ՎՏԲ բանկերին: ՎԵԲ-ի աղբյուրը նշել է, որ այդ բանկին հայկական ընկերությունը պարտք է «ընդամենը մի քանի մլն ռուբլի»:
ՎՏԲ-ի նկատմամբ ունեցած պարտքը ավելի մեծ է, քանի որ այս բանկն «Արմավիային» վերաֆինանսավորված վարկեր է տրամադրել՝ Sukhoi Superjet-100 (SSJ-100) գնելու համար: Հիմա ՎՏԲ-ն փորձում է վերադարձնել այդ գումարները եւ հայց է ներկայացրել «Արմավիա» եւ Միխայիլ Բաղդասարովի Mika Limited ընկերությունների դեմ՝ 22 մլն դոլարի չափով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արմավիա» ընկերությունը որոշել է ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները եւ սնանկացման գործընթաց սկսել:




























