Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում, քաղաքապետը հետեւել է ընթացիկ տարվա շինբարեկարգման ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Ի մասնավորի, Նարեկացի թաղամասի բակային տարածքում մեկնարկած աշխատանքների մասով զեկուցվել է, որ այն իրականացվում է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Բնակիչներն էլ իրենց հերթին նշել են, որ մեծ ոգեւորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները: Բոլոր երեք բակերի բնակիչներն էլ ընդգծել են, որ ընթացող բարեկարգման այս ծրագրերն իրապես առաջնահերթ խնդիր է եղել իրենց համար եւ վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը: Արդեն ամռանը նախկին անխնամ տարածքների փոխարեն բակերը կահավորված կլինեն գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու խաղահրապարակներով:
Քաղաքապետի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաեւ կանաչ տարածքների ձեւավորման աշխատանքներ էին ընթանում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ընդլայնմանը, ինչպես նաեւ ծառերի եւ թփերի պահպանմանն ու խնամքին:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Թումանյան թաղամասում կառուցվող նոր այգու շինհրապարակ: Պատասխանատուները զեկուցել են, որ հանգստյան գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, ինչպես նաեւ արտաքին լուսավորության նոր ցանցով: Կկառուցվեն ճեմուղիներ, կտեղադրվեն նստարաններ ու զրուցարաններ, ինչպես նաեւ մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ.
«Երեւանցիների կողմից Ավան վարչական շրջանի հաճախ մատնացույց արվող բարեկարգ բակերի եւ բազմաթիվ այգի-պուրակների առատությունը, կարծիք էր ձեւավորել, Ավանում էլ անելիք չկա: Բայց իրականում, ինչպես տեսնում ենք, թե բակերի բարեկարգման, եւ թե նոր այգիների ստեղծման մասով անելիքներ այստեղ եւս դեռ կան: Եվ ոչ միայն Ավանում, այլեւ բոլոր վարչական շրջաններում ենք մենք իրականացնում բակերի համալիր բարեկարգման եւ նոր այգի-պուրակների ստեղծման լայնածավալ աշխատանքներ, որպեսզի մի քանի տարի անց Երեւանում այլեւս անբարեկարգ բակ կամ պուրակ այլեւս չունենանք: Եվ բոլոր նրանց, ովքեր միշտ օրինակ են բերել Ավան վարչական շրջանը, վստահեցնում եմ, որ կարճ ժամանակահատվածում ամբողջ մայրաքաղաքում կունենանք նույն պատկերը»,-նշել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաեւ Ավան վարչական շրջանում ընթացող «Վինթոն Հոթել Երեւան» հյուրանոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում կարեւորելով Երեւանի զբոսաշրջային գրավչության ու հարմարավետության ապահովումը, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 5 նոր հյուրանոցային համալիրներ. «Ներկայումս տարեկան Երեւան են այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ եւ այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երեւանը հարամարվետ պետք է լինի թե մեր քաղաքացիների եւ թե մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար: Եվ այդ տեսանկյունից անշուշտ կարեւոր է նաեւ նոր հյուրանոցների կառուցումը: Երեւանում այսօր ունենք 44 հյուրանոցներ, այս տարի շահագործման կհանձնենք եւս 5-ը: Ընդ որում, այս հարցում եւս առաջնորդվել ենք Երեւանի համաչափ զարգացման ապահովման դիրքերից: Արդեն հայտեր ունենք եւ քննարկում ենք նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավենք շահագրգիռ ներդրողների»,- նշել է Տարոն Մարգարյանը:




























