Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Բուրկինա Ֆասոյի արտգործնախարարի միջեւ կայացած հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որտեղ Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ մտցված եւ մարտի 4-ին քննարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձեւին:

Թուրքական Mynet կայքէջի փոխանցմամբ` Դավութօղլուն նշել է, որ արդեն քանի օր է՝ Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն Հայաստանի հետ կապված հարցերով գտնվում է ԱՄՆ-ում եւ ակտիվ հանդիպումներ է ունեցել: «Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը մեծ կարեւորություն ենք տալիս: Բացի այդ, Կովկասում մնայուն խաղաղությունն էլ շատ կարեւոր է: Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը մեր այս ջանքերը փակուղի կմտցնի: Այս առումով էլ մենք ցանկանում ենք, որ այդ զարգացումները լինեն խելամիտ սահմանների մեջ: Այս խնդրով մենք հանդիպել եւ քննարկումներ ենք ունեցել շահագրգիռ կողմերի հետ եւ շարունակելու ենք այդ գործընթացը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: