Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ շաբաթ կրկին կայցելի Հայաստանի մարզեր: Այսօր՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում նա նշել է, որ իր կողմնակիցների հետ հանդիպումներ կանցկացնի երկրի մի շարք քաղաքներում: Մասնավորապես, ապրիլի 1-ին նա կայցելի Սյունիքի մարզի Կապան, Գորիս եւ Սիսիան քաղաքներ, վարոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք եւ Արարատի մարզի Արարատ ու Արտաշատ քաղաքներ: Ապրիլի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Եղվարդում (Կոտայքի մարզ), Թալինում (Արագածոտնի մարզ), Արթիկում եւ Գյումրիում (Շիրակի մարզ), Արմավիրում եւ Էջմիածնում (Արմավիրի մարզ):

Ապրիլի 3-ին ընդդիմադիր գործիչները նախագահի նախկին թեկնածուի հետ կայցելեն Աբովյան (Կոտայքի մարզ), Սեւան եւ Մարտունի (Գեղարքունիքի մարզ), Իջեւան եւ Բերդ (Տավուշի մարզ) քաղաքներում:

Ապրիլի 4-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Նոյեմբերյան (Տավուշի մարզ), Ալավերդի, Վանաձոր եւ Սպիտակ (Լոռիի մարզ), Ապարան եւ Աշտարակ (Արագածոտնի մարզ) քաղաքներում:

Դրանից հետո, ապրիլի 5-ին ժամը 18:00-ին Երեւանի Ազատության հրապարակում կկայանա հերթական հանրահավաքը, որը Հովհաննիսյանը կրկին «ահղթական» է անվանել: Նախագահի նախկին թեկնածուն իր կողմնակիցներին կոչ է արել անպայման մասնակցել այդ հանրահավաքին, քանի որ այդտեղ քննարկվելու է երկրի ապրիլի 9-ին նախագահի երդմնակալությանը վերաբերող միջոցառումների պլանը: