Հայաստանի իշխանությունները փորձում են մեզ վերագրել իրենց արարքները: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ փոխանակ նախագահական ընտրություններում պարտված Սերժ Սարգսյանի թիմը գոնե խելամիտ գտնվելով լռի եւ համեստություն ցուցաբերի, փորձում է մեզ մեղադրել քաղաքական շոու կազմակերպելու եւ ինչ-որ բան զավթելու մեջ: «Միաժամանակ, այդ ամենը արել ու անում են Հայաստանի ներկա իշխանությունները»,-ասել է Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդն ընդգծել է, որ երկրի դե ֆակտո իշխանությունները չեն պատասխանել Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ նոր նախագահական ընտրություններ անցկացնելու կամ ժողովրդի հետ իշխանությունը կիսելու վերաբերյալ իրենց առաջարկությանը:
Դիմելով իր կողմնակիցներին, Հովհաննիսյանը կրկին մանդատ է խնդրել բոլոր թույլատրելի մեթոդներով պայքարը շարունակելու համար:




























