Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության եւ հանրակրթության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաեւ ֆոտոլուսանկարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, մեկ անգամ եւս հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երեւույթները բացառելու գործընթացը:
Նկատի առնելով հանգամանքը, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին եւ, հատկապես ավարտական դասարաններում, սպասվում են տարաբնույթ միջոցառումներ, Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանին եւ հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին հանձնարարել է ծնողական կոմիտեների հետ խորհրդակցություններ անցկացնել եւ հորդորել, որ նմանատիպ նախաձեռնությունները իրականացնեն առանց դպրոցների տնօրեններին եւ ուսուցչական անձնակազմին ներգրավելու:
Քաղաքապետը ներկաներին նաեւ տեղեկացրել է, որ վերջերս ծնողներից բողոքներ է ստացել այն մասին, որ տնօրեններն արգելում են աշակերտներին դպրոցներում ավարտական հուշալբոմների համար լուսանկարվելու կազմակերպումը՝ այն դիտարկելով որպես դրամահավաքության փորձ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է չխոչընդոտել այդ աշխատանքներին եւ խորհրդակցությանը հրավիրված լուսանկարիչներին էլ հորդորել է իրենց ծառայությունների մատուցման հարցերը քննարկել բացառապես ծնողական կոմիտեների հետ, մեկ անգամ եւս ընդգծելով, որ նմանատիպ ցանկացած միջոցառման նախաձեռնում կարելի է կազմակերպել՝ բացառելով ուսուցչական կոլեկտիվի ներկայացուցիչների միջամտությունը, եթե դրանք կրթական պրոցեսին չեն առնչվում:
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նման մոտեցումը կբացառի թեմայի շուրջ տարատեսակ շահարկումները, իսկ խախտումները համապատասխան գնահատականի կարժանանան:




























