Արդեն մահացած ծանոթից վրեժխնդիր լինելու նպատակով Գեղարքունիքի մարզի բնակիչ Վարդան Աղաբեկի Երանոսյանը գնացել է Վարդենիսի գերեզմանատուն եւ դիտավորությամբ մետաղյա ձողով հարվածել Գրիշա Էլոյանի շիրմաքարին` պատճառելով 238 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:
Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Վարդան Աղաբեկի Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գնացել է Վարդենիսի գերեզմանատուն եւ դիտավորությամբ մետաղյա ձողով հարվածել Գրիշա Էլոյանի շիրմաքարին, պատճառելով 238 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ մի քանի անգամ գնացել է Բաբկեն Էլոյանին պատկանող հողամաս, ոչնչացրել հողամասում ցանված բույսերը, պատճառելով շուրջ 632.950 ՀՀ դրամի նյութական վնաս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասով` դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 185 հոդվածի 2 –րդ մասի 2-րդ կետով` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել: Մարտի 27-ին որոշումը ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


























