«Ռուսաստանի ջավախահայերի համայնք» ՀԿ-ն դեմ է «թուրք-մեսխեթցիների» Վրաստան վերադառնալուն, ինչը քննարկվել էր Բաթումում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Կազմակերպության հաղորդագրությունում նշված է, որ ներկայում տվյալ ծրագրի իրականացման համար քաղաքական եւ ֆիզիկական պայմաններ չկան։
«Վրաստանը նախկին իշխանությունների օրոք 2007թ. օրենք ընդունեց այսպես կոչված «թուրք-մեսխեթցիների» հայրենադարձության մասին։ Կարծում ենք՝ այդ օրենքն ընդունվել է ոչ ժողովրդավար եղանակով»։
Այնուհետեւ նշված են այն հիմնավորումները, որոնցից ելնելով չպետք է թույլատրվի «թուրք-մեսխեթցիների» վերադարձը.
• «Թուրք-մեսխեթցիների» վերադարձը վտանգում է Վրաստանի ապահով ապագան եւ կարող է տարածաշրջանային ապակայունացման աղբյուր դառնալ։
• Ջավախքում «թուրք-մեսխեթցիների» նախկին բնակության վայրերը վաղուց արդեն բնակեցված են վրացական ընտանիքներով եւ ֆիզիկապես տեղ չկա։
• Դատելով ագրեսիվ մտակերտվածքից՝ չի բացառվում, որ կրկին վերադարձած «թուրք-մեսխեթցիները» պահանջեն միավորվել Թուրքիայի հետ, ինչը կսպառնա Վրաստանի հարավային տարածքներին։
• Ջավախքում հայ բնակչության հոծ շերտ կա եւ չեն բացառվում ազգամիջյան նոր բախոււմները։




























