Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Աժ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, քննադատելով կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը՝ նշեց, որ ներկայիս հարկերը արդեն իսկ մեծ բեռ են աշխատող քաղաքացիների համար, իսկ առաջարկվող նոր՝ 26 տոկոս միասնական եկամտային հարկը, որը նախատեսվում է գանձել կենսաթոշակային սոցիալական վճարի եւ եկամտահարկի փոխարեն, ավելի մեծ հարկային բեռ է առաջացնելու, քանի որ բացի 26 տոկոս միասնական եկամտահարկի, պետք է վճարվի նաեւ 5 տոկոս սոցիալական վճար, որը մուտք է գործելու մասնավոր կուտակային համակարգեր։ «Պարզ է, որ 35 տոկոս եկամտահարկը, թե՛ գործատուի եւ թե՛ աշխատողի համար մեծ բեռ է»,-ասաց Նռանյանը։

Նա նշեց նաեւ, որ 2010 թվականին բնակչության եկամուտներն արդեն իսկ պակասելու են, քանի որ բյուջեով սոցվճարների ավելացումներ չեն եղել, բացի դրանից՝ ճգնաժամի պատճառով նվազել են տրանսֆերտները։

Ըստ Նռանյանի՝ աշխատավարձերի 5 տոկոս գումարները գնալու են մասնավոր կուտակային համակարգերին, որոնք, ըստ երեւույթին, այդ գումարները պետք է ներդնեն զարգացած երկրների շուկաներում։

«Արդեն նախանշված է, որ այդ փողերը գնալու են զարգացած պետություններ: Կառավարությունը վստահեցնում է, որ դրանց արտահոսքը սահմանափակվելու է 80 տոկոսով, որ գումարների 80 տոկոսը մնա Հայաստանում, սակայն օրենսդրական փաթեթում այդ սահմանափակման մասին ոչ մի խոսք չկա»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդհանրապես տարօրինակ է ճգնաժամի պայմաններում նման բարեփոխումների մասին խոսելը, եւ արտաքին շուկաներում ներդրումներ կատարող կուտակային համակարգեր ստեղծելը։ Նռանյանի հավաստմամբ՝ այս ծրագրին վերապահությամբ են մոտենում նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը:

Ավելացնենք, որ արտաքին կամ տեղական շուկայում ներդրումներ կատարող համակարգ ստեղծելուց առաջ, կառավարությունը պետք է նախեւառաջ ստեղծի վերլուծական լուրջ կենտրոններ, որպեսզի սեփական վերլուծական ինստիտուտների միջոցով հասկանա, թե, որ երկրներում, եւ որ շուկաներում է ձեռնտու ներդրումներ կատարել։ Այնինչ Հայաստանում նման լուրջ վերլուծական կենտրոնները պարզապես բացակայում են, այսինքն՝ կուտակային համակարգերը ստեղծելուց հետո ներդրումները, արտաքին թե ներքին շուկաներում կատարվելու են «աչքաչափով»։