Հայաստանի կառավարությունը  2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը  ճանաչել է որպես Հումորի եւ երգիծանքի օր: Բայց այն ավանդաբար ընկալվում է նաեւ իբրեւ «խաբելու օր»: NEWS.am-ի տոնի կապակցությամբ զանգահարել է մի շարք պատգամավորների եւ ուղղել երկու հարց, այն է` սուտ, որին հավատացել եք եւ այնպիսի սուտ ասեք, որին հավատան բոլորը:

Ներկայացնում ենք պատգամավորների պատասխանները, որոնց առաջին մասում նշված է նրանց հավատացած «ստերը», իսկ երկրորդում` իրենց «ստերը»

ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյան- Սուտ, որին հավատացած էի, այն է, որ կանայք թույլ սեռ են: Այսօր իմ ծննդյան օրն է, փորձեք չհավատալ:

ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյան- Երեխաներս ինձ տուն բերելու համար ասել էին, թե 3 տարեկան որդիս` Արմենչիկս, ավտոյի տակ է ընկել: Ես ոչ մեկին չեմ խաբում,  նույնիսկ` ապրիլի 1-ին:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայան-Մի անգամ ինձ ասացին, որ տնից դուրս եմ եկել առանց կոշիկների, ու ես հավատացի: Ապրիլի 24-ին ԱՄՆ-ն ճանաչելու է ցեղասպանությունը:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյան- Ես էդքան միամի՞տ եմ, որ ստերին հավատամ, ես նույնիսկ ճշմարտությանը չեմ հավատում: Ամենամեծ սուտը` ես սուտ խոսել չգիտեմ, դրանից լավ սո՞ւտ:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան- Ինձ խաբելը շատ դժվար է: Մայիսի 5-ին անցկացնելու ենք բոլոր ժամանակների ամենարդար եւ ամենազատ ընտրությունները:

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյան - Ինչ ասում են, ես հավատում եմ: Ավագանու ընտրություններում ՀՀԿ-ականները հաղթելու են:

«Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյան- Նախորդ տարի ապրիլի 1-ին կինս ասել էր, թե սպասում ենք  6-րդ երեխային, բայց նա դեռ չի ծնվել: Սերժ Սարգսյանը այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այցելել է Կապան:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան- Սուտ է, թե լոռեցիք միամիտ են: Ամեն ինչ լավ է լինելու:

Ի դեպ, այս տարի Հումորի եւ երգիծանքի օրը համընկել է Մեռելոցի հետ, քանի որ երեկ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր  տաղավար տոներից մեկը` Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը: