Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով այդ երկրում Patriot հրթիռային համալիրների տեղակայումը լուրջ հեեւանքներ կարող է ունենալ եւ Ստամբուլի դեմ ռազմական հարված հրահրել: Այդ մասին հայտնել է թուրքական «Սաադետ» կուսակցության Գերագույն խորհրդատվական խորհրդի նախագահ Օգուզխան Ասիլթյուրկը, որը նախկինում Էրդողանի կառավարությունում զբաղեցնում էր նախարարի պաշտոն, սակայն այժմ կտրուկ քննադատում է Սիրիայում ճգնաժամի հարցում վերջինիս որդեգրած քաղաքականությունը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն եւ Էրդողանի կառավարությունը հակամարտություն են հրահրում Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ այն մղում էլ ավելի մեծ արյունահեղության:
Ասիլթյուրկը հայտնել է, որ արեւմտյան երկրները Էրդողանին են հանձնարարել «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրագործումը: «Թուրքիան գտնվում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շահերի ոլորտում, որոնք ռազմական ուժ են եւ սպանության մեքենա», - Ասիլթյուրկին է մեջբերում «Դամասկոս» միջազգային պետական ռադիոկայանը:
Ըստ նրա` ԱՄՆ-ն եւ Թուրքիայի կառավարությունը սրում են հակամարտությունը եւ սիրիացիների պառակտում հրահրում` փորձելով Սիրիայում կրկնել Իրաքի եւ Լիբիայի սցենարները: ՍԱՀ-ի դեմ հարձակման պատճառներից մեկը դրա աշխարհագրական դիրքն է: Թուրքիան հրահրում է Սիրիայում Արեւմուտքի միջամտությունը, քանի որ ինքը չի կարող ուղղակիորեն միջամտել Ռուսաստանի եւ Չինաստանի ճնշումների պատճառով:



























