ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում իրականացրել է համալիր ստուգում, որի նպատակն էր գնահատել ընկերության 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը;
«Ստուգման արդյունքներով` 2011թ. սեպտեմբերի 6-ին կազմվել է թիվ 29-Ա ակտը, որի մեջ ներառված են առեւտրային գաղտնիք պարունակող փաստեր, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով ստուգմամբ արձանագրված փաստերի վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հերքում են մամուլում մինչ այդ հրապարակված լուրերն այն մասին, որ «Նաիրիտում» ստուգման արդյունքերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
«Ստուգմամբ արձանագրված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն»,-հայտնում են նախարարությունից:




























